Hraparak.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի տարածած նկարով, որում իմքայլական մեկ այլ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն է՝ իր հռչակավոր մտքով, թե «տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում լավագույն բանակցողը Փաշինյանն է»։ Ենգիբարյանի այս միտքը հնչած օրվանից ծաղրի առարկա է դարձել համացանցում։ Դրանից անմասն չի մնացել նաև Միհրան Հակոբյանը՝ Ենգիբարյանի նկարին կից կատարելով գրառում․ «Վիկտոր Ենգիբարյան, երդվի հորդ արև, որ քեզ պատկանող փաբի բանակցությունները հարկայինի հետ կվստահես Նիկոլի նման անփառունակ վիժվածքին»։

Եվ այս գրառման նկարը Միհրան Հակոբյանի պատից իր էջում է կիսվել Փաշինյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկի՝ Հայկ Սարգսյանի հայր Զարեհ Սարգսյանը, ով նույնպես Փաշինյանի վաղեմի ծանոթն ու մտերիմն է։ Հետաքրքիր է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հայր Սարգսյանի մտքում, որ նա որոշել է միանալ ինչպես Վիկտոր Ենգիբարյանի,այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեմ արշավին։

Հ․Գ․ Զարեհ Սարգսյանը մի քանի րոպե անց հեռացրեց այս հրապարակումն իր էջից։ Հավանաբար նրան գլխի գցեցին, որ սխալ մարդու էջից սխալ բան է կիսվել։