Իտալիայի «Կենդանի Իտալիա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր կուսակցության ներկայացուցիչների՝ կառավարությունից հեռանալու մասին, ինչը կարող է հանգեցնել ներկայիս գործող կոալիցիայի մեծամասնության կորստին, որն էլ իր հերթին կառավարական ճգնաժամ կառաջացնի:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ռենցին ընդգծել է, որ ներկայիս «ճգնաժամն իր կուսակցության մեղքով չի սկսվել», այլ գոյություն է ունեցել ամիսներ շարունակ: «Աթոռից հրաժարվելն ավելի դժվար է, քան ստատուս-քվոն պահպանելը»,-հավելել է գործիչը:

Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը դեռ կարող է մնալ խորհրդարանական մեծամասնության կազմում, սակայն միևնույն ժամանակ պատրաստ է անցնել ընդդիմության շարքը:

«Բանն այն է, որ ինչպիսին էլ լինի ճգնաժամի ելքը, մենք խնդիրներ չունենք, կարող ենք լինել մեծամասնության կազմում, եթե մեզ ցանկանում են այնտեղ տեսնել, բայց ոչ տեղ լրացնողի դերում»,- ասել է Ռենցին: