Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր, մեղմ ասած, տարակուսելի, սակայն միևնույն ժամանակ ուշագրավ հայտարարություն  է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա եւ այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետեւանար ընտրում են ավելի պահպանողական աշխատելաոճը, որը պետք է փոխվի»:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ գործող իշխանություններն ամեն քայլափոխին խոսում են նախորդ կառավարության կոռումպացված լինելուց, սակայն շուրջ երեք տարվա մեջ գեթ մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, նախարար կամ մարզպետ այդպես էլ չկանգնեց դատարանի առաջ՝ մեղադրվելով կոռուպցիայի մեջ: Իհարկե, նախկինները սրբությամբ աչքի չէին ընկնում, սակայն բանն այն է, որ ներկաների մեղադրանքը նրանց հասցեին կրում է զուտ դեկլարատիվ բնույթ և չունի որևէ ապացուցողական բազա:

Էլ ավելի ուշագրավ է, որ նախարարն է հայտարարում նախկին կառավարության կոռումպացված լինելու մասին: Գաղտնիք չէ, որ բիզնեսմեն նախարարը իր բիզնեսը հիմնադրել և հաջողությամբ առաջ  է մղել հենց նախկին իշխանությունների օրոք, այն ժամանակ Քերոբյանը, սակայն, չի բողոքել առկա կոռուպցիայից: Նրան` որպես գործարարի, կարծես թե, ամեն բան ձեռ էր տալիս: Նախկինների օրոք հաջողակ բիզնեսմեն դարձած Քերոբյանի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ վերջինս էլ է մաս կազմել այդ կոռուպցիայի. չէ՞ որ իր իսկ խոսքերով՝ առանց այդ վարձը մուծելու՝ հաջողության չէիր հասնի…

Հ.Գ. նախկին կոռուպցիոներների ֆինանսական կտուր համարվող Սամվել Ալեքսանյանի հետ գործող նախարարը անգամ լուսանկարվում էր, իսկ վերջինիս նորաբաց մոլը անվանում՝ տպավորիչ:

Lurer.com