Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ: Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: <<Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու ծավալն է փոխվել>>,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը :

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին կարևորել է նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին