ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 և 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել և մինչև նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երևանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետև վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով՝  մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը, պարբերաբար պահանջել և մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող` ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ:

2020թ. հունվարի 10-ին` նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: