Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ եւս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է, եւ տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։

«Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, եւ այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ընդգծեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս պարագայում խաղաղության երաշխիքները նվազ են։

«Սրանով նաեւ Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Արցախում  խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությանը եւ ակնկալում են պատշաճ քննություն։

«Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-հավելեց նա։