Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 11-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպելու են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որի ընթացքում կքննարկեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նշենք, որ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել, երբ հրաժարական ներկայացրեց Հայկ Հովհաննիսյանը:

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։

Դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է: Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։