Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։ Չնայած նախնական պայմանավորվածության, թշնամին թույլ չի տվել  սեփականատիրոջը տանից իրերը վերցնել։ Առանց զգուշացնելու հիմա նրանք այդ տանն են ու վայելում են Որտանի տունը՝ ամբողջական գույքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։

Արդեն ադրբեջանական կողմին  պատկանող տանից մի փոքր վերև այգեգործական ընկերություններ են, որոնք բնակիչներին էին տրամադրվել օրինական փաստաթղթերով։ Այդ այգիները  մշակվում  էին երկու այգեգործական կազմակերպությունների կողմից, իսկ ներկայումս  դրանք ևս ադրբեջանական են դարձել։

 

Դրանցից մեկն ուներ 50-ից ավելի տնտեսություն, մյուսում՝ հարյուրից ավելի այգիներ կային, որտեղ նաև կառուցվել էին 1-2 հարկանի մոտ երկու տասնյակ շենք-շինություն։ Դրանք Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց։

Փաստացի՝ Որոտանը զրկվել է  326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից։

Այգիների ադրբեջանական կողմին անցնելու պատճառով ընկերությունների ավելի քան հարյուր  աշխատակից այլևս զրկվել են ապրուստի միջոցից։

«Մարզպետը տեղեկացված է, ԱԱԾ-ն տեղեկացված է, ՄԻՊ- ը ևս ներկա է եղել, բոլորը տեղյակ են խնդրին։ Կառավարությունից փոխատուցում տրամադրելու մասին պատասխանի ենք սպասում։ Մենք խոսում ենք հողի մասին, որ դա մեր տարածքն է, մեր կառավարությունն ու բոլորն էլ պիտի ջանք թափեն, որպեսզի ապացուցենք, որ դա մերն է, մեր վարչական տարածքն է ու հողերը մեզ հետ տան»,- ասաց Օհանջանյանը։

«Մինչև հիմա սպասում ենք։ Մեր սայլը դեռ տեղից չի շարժվել։ Էսօր-էգուց են անում ու դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասաց գյուղապետը։

Որոտանում հույս ունեն, որ սահմանազատման աշխատանքներից հետո հողերը հետ կբերեն, բայց հիմա ադրբեջանցիները թույլ չեն տալիս ոչ մի հայի մուտք գործել տարածք։

«Տեսնենք, սահմանների ճշտումն արվի, հասկանանք՝ հետ են տալիս մեզ, թե մնում է իրենց։ Մենք ասում ենք, որ հողերը մերն է, ով որ գծագիրն ու սահամանազատումն արել է, նա պիտի ասի, վերջապես մասշտաբային հարց է»,- ասաց Օգանջանյանը։

Գյուղում իրենց տներն ու այգիները կորցրած անձանց տվյալներն ու փաստաթղթերը հավաքագրել են, ներկայացրել  մարզպետարան։ Վնասի չափը դեռ հաշվարկված չէ։