ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. մարտի 28-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղից դեպի Սեւան-Երեւան ավտոմայրուղի տանող ավտոճանապարհին իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով, ավտոճանապարհի աջակողմյա հատվածում կայանված «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենային չբախվելու եւ վթարից խուսափելու համար թույլ տալով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի ուղեգոտուց, գլխիվայր շրջվել եւ հայտնվել ձորակում՝ անզգուշությամբ առաջացնելով մեքենայում գտնվող ուղեւորի մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: