Irakanum.am-ի  զրուցակիցն է արցախյան երրորդ պատերազմի մասնակից, մասնագիտությամբ քաղաքագետ Հունան Հակոբյանը, ով պատերազմի սկզբից որպես պահեստազորային զորակոչվել է զինված ուժեր։ Վերջինիս հետ հետ խոսել ենք մարտական գործողությունների և դրա հետևանքների մասին։
Ի դեպ, Հակոբյանը որպես ժամկետային զինծառայող նաև մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններին։

Ճիշտ է՝ Ապրիլյան քառօրյան և Արցախյան վերջին պատերազմն իրենց ծավալներով անհամեմատելի են, բայց կարճ անդրառնանք նաև 2016 թվականի ռազմական գործողություններին։ Ինչպես այն ժամանակ հնարավոր եղավ կանգնեցնել թշնամուն և ինչ դժվարություններ կային այն ժամանակ։

Նախևառաջ ցավակցում եմ ռազմական գործողությունների ընթացքում հավերժացած մեր եղբայրներին, ու ցանկանում եմ մեր վիրավորներին ապաքինում և արագ ինտեգրացում բնականոն կայնքին։ Մենք ապրում ենք մեր պատմության ամենադժվար շրջաններից մեկը։ Մեր բանակը և մեր պետությունը ծանր պատերազմ մղեց թշնամու դեմ, պատերազմ, որից ամեն գնով խուսափել էր հարկավոր։ Ապրիլյան քառօրյային, ժամկետային զինծառայող եմ եղել Արցախի հարավ-արևմտյան հատվածում՝ Ջաբրաիլում՝ որպես հրետանավոր։
Ապրիլյան գործողությունների ժամանակ թշնամուն կանգնացրեցինք մեր կարգապահության, մեր մարտավարա-մասնագիտական բարձր որակումների, հրամանատարների ճիշտ և ժամանակին գործողությունների շնորհիվ։ Ապրիլյանը մեզ համար փորձ ձեռքբերելու և դասեր քաղելու մեծ շանս էր, ինչը մենք չարեցինք, որի պատճաառով կանգնեցինք մեծ աղոտի առջև։

Ձեր կարծիքով, այս պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառը կամ պատճառները որոնք էին։

Մեր գլխավոր խնդիրը այն է, որ մենք համառորեն գերագնահատում ենք մեր կարողությունները և զբաղվում ենք ինքնախաբեությամբ։ Պարտության պատճառները մենք պետք է փնտրենք մեր երկրի ներսում․ ոչ մի արտաքին ուժ պատասխանատվություն չի կրում և չի կրելու մեր անվտանգության համար ՝ մեր պատմությունը դրա վկան է։ Պարտության պատճառներից մեկը , ռազմաքաղաքական ղեկավարությանն է՝ ռեսուրսների ոչ իրատեական և ոչ ռացիոնալ գնահատումը և ոչ ճիշտ տեղաբաշխումը, չմոռանանք ԳՇ պետի հայտարարությունը, որը ներկայացրել էր գործողությունների 4-րդ օրը անվտանգության խորհրդի նիստում։ Պարտության պատճառներից է սպառազինության ոչ ճիշտ և իրավիճակին ոչ համապատասխան գնումները, պահեստազորի ցածր պատրաստվածությունը։  Փաստացի, ռազմական գործողությունների մեջ գտնվող երկիրը, պատշաճ մակարդակով այսքան ժամանակ պահեստազորի հավաքագրում և մասնագիտական վերապատրաստումներ չի անցկացրել՝ ինչ մեծ խնդիրներ էր առաջացնում մարտի դաշտում։ Ամենակարևոր խնդիրներից մեկը բարոյահոգեբանական վիճակի ցածր լինելը․ արդյո՞ք ստիպողաբար դիրքեր բարձրացող անձը, ում մոտ հայրենիք-պետություն գիտակցումը ցածր մակարդակի վրա է գտնվում, իր առջև դրված խնդիրը արդյունավետ կկատարի, իհարկե՝ ոչ։
Ես 28 պահեստազորային տղաների հետ, հրետանային մարտկոց կազմած, ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից մարտական խնդիրներ ենք իրականացրել Քարավաճառի շրջանում։ Տղաները , ովքեր տարբեր մասնագիտությունների ու տարբեր տարիքի են, առաջին իսկ օրերից բարձր պատասխանատվության գիտակցումով ենք մոտեցել ու իրականացրել ենք մեր առջև դրված խնդիրները։ Մինչ վերջին վարկյանը գտնվել ենք մեր կրակային դիրքում՝ առանց մի թիզ հող զիճելու։

Դուք , ինչպես նշեցիք, մասնակցել եք ռազմական գործողություններին մի շրջանում, որ ոչ մի քայլ հետ չենք նահանջել, և Քարավաճառի շրջանը ըստ փաստաթղթի ուղղակի հանձնվեց թշնամուն։Հիասթափվա՞ծ եք նման որոշումից, արդյո՞ք կարող էիք մինչև վերջ կռիվ տալ և օգնության ձեռք մեկնեիք ռազմաքաղաքական ղեկավարությանը, բանակցային ճակատում ինչ որ որոշումների վրա ազդելու համար։

Ինչպես ես, այնպես էլ ողջ անձնակազմը մեծ ու խորը հիասթափություն ապրեցինք փաստաթղթի մասին իմանալուց հետո, 42 օր ամեն դժվարության միջով անցելուց և մի թիզ չզիճելուց հետո ոնց կարող ես չհիասթափվել , երբ պաշտպանության ժամանակ ընկան և ժամկետայիններ և սպաներ․․․Հաշվի առնելով տեղանքը, անձնակազմի մարտական ոգին, հրետանային զորամասի սպաների մասնագիտական որակումենրը կարող էինք պահել մինչև վերջ և բանակցային գործընթացում դրական ազդեցություն կունենայինք․ գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման աշխատանքների կատարելու և այլ հարցերում։

Ինչ կարծիք ունեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ի պաշտպանություն իշխանությանը, զինվորական հագուստով, ոչ պատշաճ հագուկապով շրջում են փողոցներում և տարբեր պատմություննեեր պատմում և որքանով են համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով թե հիմնականում, որ շրջանակներն է նման <<ուժեղ տղա>> ակցիաներ անում, պարզ երևում է ուղորդման աղբյուրները։ Ուղղակի չի կարելի, չի կարելի արժեզրկել զինվորական համազգեստը, չի կարելի կեղծ ու հորինված պատմություններով շեղել ու մարդկանց ուշադրությունը։ Կարծես մեր իրականության մեջ, ուր մեծ դերակատարում ունեն ֆեսբուկը ու յութուբյան ալիքները, խնդիր է դրված արժեզրկելու ամեն ինչ ու ամեն ոքի։
Մեզ հիմա անհրաժեշտ է նոր լույս, նոր հույս , որպեսզի այս ծանր վիճակից հանի մեր իմունիտետը կորցրած պետությունը, որպեսզի կարողանանք փրկենք մեր արժանապատվությունը։ Անձերն ու իշխանությունը միշտ անցողիկ են, կարևորը ազգային մտածելակերպն ու ազգային իմունիտետն է։