Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Երեկ, Մոսկվայում Նիկոլի ստորագրած հայտարարության մեջ իմպերատիվ կերպով առաջ է տարվում թուրք-ադրբեջանական շահը, որի հայկական բացատրությունն այն է, որ իբրև թե մենք էլ ենք Նախիջևանով և այլ ուղղություններով ճանապարհ ստանալու Ադրբեջան, Իրան, կամ Ռուսաստան գնալու համար:
Սա նշանակում է, որ.
1. Աստիճանաբար Երասխ-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի ճանապարհը կորցնելու է իր տնտեսական նշանակությունը, հետևաբար նաև այդ տարածքներում ապրող բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Նիկոլը նախկինում ասում էր, որ ՀՀ տարածքները պետք է համաչափ զարգանան, այսօր անում է ուղիղ հակառակը: Մի քանի տարի հետո Վայոց Ձորի և Սյունիքի մարզի շատ բնակիչներ ուղղակի լքելու են Հայաստանը կամ իրենց բնակավայրերը՝ տարրական զբաղմունք չունենալու պատճառով: Սա պե՞տք է Հայաստանին. իհարկե ո՛չ, իսկ թուրք-ադրբեջանցիների՞ն՝ իհարկե այո՛: Ադրբեջանցիներ ու թուրքերը գալո՞ւ են բնակվեն Սյունիքում և Վայոց Ձորում ինչպես նախկինում էր. իհարկե, բիզնեսի հետ են գալու: Դա նույնիսկ պետական մակարդակով քողարկված ծրագիր են դարձնելու՝ «բիզնեսի, համատեղ ծրագրերի, հարևանության ու բարեկամության» ֆոնի վրա: Մենք խնդիր ունե՞նք արդյոք ազգային փոքրամասնությունների հետ. իհարկե ո՛չ: Չհաշված այն հանգամանքը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատմության ընթացքում բոլոր առիթներն օգտագործել է Հայ տեսակին սպանելու, հայրենազրկելու ու վտարանդի դարձնելու համար: Չե՞ք հավատում, հարցրեք Սփյուռքին, այլապես Նիկոլի ծրագրով, մոտ ապագայում Հայաստանից շատերը ևս համալրելու են Սփյուռքի շարքերը:
2. Թուրք-ադրբեջանական կապիտալն անմիջապես ներդրվելու է Միջնավան-Մեղրի-Ագարակ-Ջուղա երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վրա: Ճանապարհին զուգահեռ կառուցվելու են թուրքական ռեստորաններ, քեմփինգներ, բենզալցակայաններ, սպասարկման կետեր, հյուրանոցներ և այլն: Այս ենթակառուցվածքներին զուգահեռ Սյունիքի հարավային մասերում արագ հայտնվելու են նաև ադրբեջանական բնակավայրեր: Կգա՞ն արդյոք թուրքերն այնտեղ բնակվելու. վազքով ու մեծ հաճույքով, որովհետև և՛ աշխարհագրորեն, և՛ տնտեսապես, և՛ հանգուցային առումով, և՛ պանթուրքիզմի ծրագրով դա այն է, ինչ երազում են մեր երկու հարևանները:
3. Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ ցամաքային կապ ունենալ Թուրքիայի հետ հենց Նախիջևանի միջոցով: Որովհետև, նախ դա Հայաստանին՝ բարեկամ Իրանից կտրելու միակ մեխանիզմն է: Երկրորդը՝ այն շահավետ է նաև արևմուտքի համար, որը Թուրքիայի միջոցով թուլացնելու է Ռուսաստանի ռազմավարական և անվտանգային ազդեցությունը Հարավային կովկասում: Հետևաբար հետագայում առաջ է բերելու նաև ռուս-թուրքական հակամարտության նոր օջախներ՝ մեր երկրի տարածքներում: Իսկ դրա դիմաց, արևմուտքը աչք է փակելու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի տարածքների հերթական բռնակցման հաջորդ գործողություների վրա: Երրորդ՝ կա՞ն մեր երկրում միամիտ-մոլորյալներ, որոնց թվում է, թե շուտով Հայաստանը դառնալու է տրանզիտ երկիր և իրենք հարստանալու են. իհարկե՛, կան: Բայց դա միայն երազում, որովհետև Արևմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում էլ էին հայերեը հպատակի կարգավիճակով, իբրև թե լավ ապրում: Մենք գիտե՞նք թե ինչ եղավ հետո. իհարկե մոռացել ենք, որովհետև Նիկոլի պես ցինիկ ու ազգակործան վարչապետ ունենք: Բացի դրանից, այն հազվագյուտ ազգերից ենք, որոնք իրենց պատմությունից դասեր չեն քաղում:
4. Մինչև հունվարի 30-ը, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ պետք է ձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք բանակցելու են տարածաշրջանի կոմունիկացիոն ու տնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների ու մեխանիզմների ներգրավման հարցերը: Իսկ 2021թ. մարտի 1-ին դրանք պետք է ներկայացվեն երեք երկրների ղեկավարների հաստատմանը: Դուք կապիտուլացված ո՞ր փոխվարչապետին, կամ Նիկոլի սորոսածին ո՞ր կադրերին կվստահեիք մեր Ազգի համար ճակատագրական այս գործընթացը՝ հատկապես, որ այն տեղի է ունենալու ադրբեջանական կողմի՝ արհամարհական ու պարտադրող տոնով բանակցային մթնոլորտում:
Նիկոլն առ այսօր չի կարողանում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությամբ գերիների փոխանակման պարտադիր պահանջն իրականացնել, բայց արյունով ձեռբերված տարածքներն անտրտունջ հանձնել է արդեն: Ի՞նչ եք կարծում, այդ նույն Նիկոլը, կարողանալո՞ւ է արդյոք դիմագրավել նոր փորձություններին ու տարածաշրջանային դաժան իրողություններին:
Իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու համար, նա պատրաստ է Պետության ու Հայրենիքի շահերի դեմ ցանկացած ստորության: Սրանում չկասկածեք, եթե մինչ այժմ չեք համոզվել»,- գրել է Զաքարյանը: