ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ հրաժարվել են այցելել զոհված զինծառայողներից մեկի ընտանիքին, քանի որ ընտանիքի անդամները չեն ցանկացել այցի ընթացքում լուսանկարվել։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Ամանորից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգահարել էին զոհված զինծառայողներից մեկի ընտանիքին և հայտնել, որ Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցանկանում են այցելել ընտանիքին։ Ընտանիքից հայտնել էին, որ պատրաստ են հյուրընկալել, բայց պայմանով, որ լուսանկարներ չարվեն, ինչից հետո ըստ մեր աղբյուրի այցը չի կայացել։

Լենա Նազարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

«Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ բացարձակ սուտ է այն, որ մենք չենք գնում ընտանիքներ, եթե նրանք չեն ուզում նկարահանվել։ Ու եթե տեսել եք ռեպորտաժները, դրանք զոհվածի ու նրա ընտանիքի մասին են, այլ ոչ թե մեր այցի։ Բացի դրանից, մենք միշտ առաջինն ենք հարցնում արդյոք կուզեն, որ նկարահանում չլինի։ Այսքան ժամանակ բոլորը կողմ են եղել, ցանկացել են, որ պատմեմ իրենց հարազատի մասին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Irakanum.am