Ամուսնուս դեկտեմբերի 15-ին վերադարձրել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ադրբեջանում գերության մեջ հայտնված, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի  կինը`Հերմինե Առաքելյանը:

«Դեկտեմբերի 14-ին Նարեկի անունը կար, բայց չբերեցին, իսկ հաջորդ օրը Նախիջևանով բերել են»,-ասաց նա և նշեց, որ Նարեկն իրեն արդեն լավ է զգում:

«Այդպիսի բարբարոսների ձեռքից պրծնելուց հետո լավ է: Առողջական խնդիրներ ուներ, բայց բուժումներ ստացել է, հիմա արդեն լավ է, երեխաների հետ է»,-ասաց նա: Հերմինե Առաքելյաննն ասաց, որ շատ լավ կլիներ, որ մնացած բոլոր գերիները շուտ վերադառնային:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում է երրորդ երկիր գնալ: