Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց մշակույթի գործիչ Գագիկ Մանասյանը:

«Մինչեւ այս առաջարկությունը ես փորձեցի համապատասխան հանձնաժողովի հետ ճշտել, թե արդյոք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք եւ ստացա դրական պատասխան: Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի կառավարության լրատվական ծառայության հետ, կարող են  լիարժեքորեն չլուսաբանել անգամ կառավարության նիստերը»,-ասաց նա:

Մանասյանը հիշեցրեց, որ Ամանորի գիշերը վարչապետի ելույթը որոշ հեռուստաընկերություններ չհեռարձակեցին. «Այսինքն մենք կարող ենք հայտարարել «մոռանալ դավաճանին» շարժում: Երկրորդ, մենք բոլորս ԱՄՆ-ում ունենք բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ: Դուք բոլորդ գիտեք, որ պատերազմի օրերին ամերիկահայությունը մոտ 70 մլն դոլար նվիրատվություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ այդ հիմնադրամի գումարների մի մասը փոխանցվել է պետբյուջե, եւ ըստ ֆինանսների նախարարության վկայության այդ գումարները ծախսվել են բյուջեի տողերի համաձայն: Այսինքն բարեգործության նպտակով հավաքագրված գումարները ծախսվել են ՀՀ տնտեսության կամ ասֆալտ փռելու գործունեության մեջ: ԱՄՆ-ում նվիրաբերված գումարների համար այդ մարդիկ հարկեր չեն վճարել, եւ ԱՄՆ-ն այդ գործունեության պատճառով կրել է վնասներ: Ես հորդորում եմ ձեզ ԱՄՆ-ում ապրող ձեր ընկերներին, հարազատներին հորդորեք դատի տալ Նիկոլ Փաշինյանին: ԱՄՆ-ում նույնիսկ ամենափոքր գյուղի դատարանի որոշումը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը չի կարող օգտվել օդանավակայաններից, բանկային քարտերից եւ այլն: Ես գիտեմ, որ ինքը ընտանիքով փախչելու է եւ կունենա շատ անհարմարություններ, եթե որեւէ դատարանի որոշում լինի: Իսկ այդ որոշումները կլինեն, որովհետեւ կա օրենքի խախտում»,-ասաց Մանասյանը: