Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները դժվար է հերթական անվանել…

Ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին ներկայացրին Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված էր և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։

Ավելի ուշ պարզվեց՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել էր Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին։ Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրեց կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: