Ոչ ոք կրկին ոչինչ չի ասում` չնայած այսպես կոչված «ժողովրդական վարչապետը» խոստացել էր, որ իր գործողություններն ու որոշումները կհամաձայնեցնի Հայաստանի ժողովրդի հետ: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ երեք երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը:

Ըստ նրա` անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Փաշինյանը հնչեցրեց հերթական սուտը` հայտարարելով, որ պարզապես ժողովրդի հետ քննարկելու ժամանակ չուներ: Եվ չնայած այդ ժամանակն այս անգամ նրա մոտ հայտնվել է, սակայն, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Եվ հիմա Փաշինյանն այդպես էլ չբարձրաձայնեց, թե կոնկրետ ինչ է պատրաստվում քննարկել այդ հանդիպմանը: «Նա պետք է Ռուսաստանի հետ տնտեսական բնույթի տարբեր փաստաթղթեր ստորագրի, այդ թվում` մի փաստաթուղթ, որը  Հայաստանին պարտավորեցնում է վճարել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմական օգնության համար: Մենք այդ օրերին բավականին մեծ քանակությամբ զենք ենք ստացել Ռուսաստանից: Դա  եւս մի բավականին լուրջ բեռ կդառնա Հայաստանի համար»,- շեշտեց Քոչարյանը: