Քաղաքացիները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա մեկնելը: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը բարձրախոսով դիմելով ոստիկաններին, հայտարարեց. «Ո՞ւմ համար եք ճանապարհ փակում, մեկի համար, ով վաղը ուզենա գնա Սյունիք, էդ դավաճանը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի, նոր գնա: Սա է Նիկոլի իրական կերպարը: Այսօր էլ գնաց, այսօր էլ հայրենիքի մի մասը կծախի, այսօր էլ Ալիեւի դեմը կկզի, այսօր էլ կնվաստանա: Բայց մեկ է, չի ստացվելու, էդ դավաճանի իշխանության օրերը հաշված են: Հանկարծ չմտածեք, թե մեր դեմը փակելով, մեր ընկերոջը բերման ենթարկելով կկարողանան երկարացնել այս հայրենադավի իշխանությունը:

Քիչ առաջ տեղեկացա, որ ոստիկանության կենտրոնականի բաժնում է գտնվում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մեր ընկերոջը: Ռեպրեսիաների ենթարկելու այս պիղծ քաղաքականությունն իր պատասխանը կստանա»:
Ներկաները սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»:

Քաղաքացիները ցանկանում էին քայլերթով հասնել օդանավակայան, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը:

Ոստիկանության աշխատակիցը ասաց, որ ժամանակավորապես սահմանափակվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, առանց նշելու պատճառները. «Եթե շատ եք ուզում իմանալ պատճառերը, գրավոր կդիմեք, պատասխանը կստանաք:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Իսակովի պողոտայով: