ՀՀ պաշտպանության նախարարությունը ամիսներ անց պատասխանել է Aysor.am-ի հարցմանը։

Նոյեմբերի 30-ին Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել տարածված տեղեկությունները՝ արդյոք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցել են ՀՀ վարչապետի կեցավայրի պահպանության գործընթացին, նրանց զենք տրվե՞լ է, թե՞ ոչ, որքա՞ն ժամանակով են կուրսանտները ներգրավված եղել կառավարական առանձնատների պահպանության մեջ։

ՊՆ-ն հունվարի 8-ին պատասխանել է մեր հարցմանը։

Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ուղարկած պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Կայազորների տարածքում տեղակայված զորամասերի (ներառյալ՝ ռազմաուսումնական հաստատությունների) կողմից կայազորային և պահակային ծառայությունը, որը ներառում է նաև պետական օբյեկտների պահպանությունը, իրականացվում է «ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը (ՀՕ-98) հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կայազորում գործող պլանների հիման վրա և ըստ անհրաժեշտության առաջացման»։

Ըստ ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 7-րդ հոդվածի՝ կայազորային և պահակային ծառայությունների անցկացման գործում ընդգրկվում են կայազորի կազմում ընդգրկված զորամասերը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է այն զորամասերի ցուցակը, որոնք ենթակա չեն կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվելու:

Զորամասերի կողմից կայազորային և պահակային ծառայությունների անցկացման հերթականությունը որոշում է կայազորի պետը` ելնելով նրանց կազմից ու նշանակությունից:

Ռազմական ուսումնական հաստատությունները կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվում են այդ նպատակի համար ուսումնական պլանով նախատեսված ժամանակի սահմաններում։