Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրի պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպել են հունվաի 10-ին Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում, որոնք ընդգրկվում են Հայաստանի Սյունիքի մարզի կազմում: Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և մյուս կողմի սահմանապահ ծառայության ղեկավարությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանը, Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը, ռազմական գործողությունների գոտում մարմինների հայտնաբերմանը և գերիների փոխանակմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը քննարկել են անհետ կորածների և պատանդների ճակատագրերի պարզաբանման հետ կապված հարցերը: