Եվ ընդհանրապես, արժի արդյոք ամեն ընտրությունից առաջ ահռելի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության համար, գրել ծրագրեր, մարդկանց կտրել տնից տեղից, խոստումներ տալ, ժամանակ վատնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չեմ լսել պրակտիկայում որևէ երկրի վատ նախընտրական ծրագիր. բոլորն էլ շատ լավն են:

Գոնե կարելի է օրինակ Սահմանադրությամբ նախատեսել դրույթ, համաձայն որի նախընտրական ծրագիրը պետք է ունենա կոնկրետ ռազմավարական պարտադիր կետեր, ծրագրի իրականացման ժամանակացույց: Եթե կարևոր կետերից որևէ մեկով նախատեսված միջոցառումը ժամանակացույցով նախատեսված ժամկետում չկատարվի, իրավունքի ուժով Ազգային ժողովում քննարկվի կառավարության իմպիչմենտի հարցը:

Իրավունքի տեսանկյունից, եթե իրավական ակտում սահմանված է պայման ու գոյություն չունի այն չկատարելու համար իրավական ակտով սահմանված հետևանքը, այդ իրավանորմը մեռած և չգործող նորմ է: Նույնն էլ այս դեպքում. մինչև չլինեն կոշտ մեխանիզմներ նախընտրական ծրագրերի դրույթները չկատարելու համար, ուղղակի անիմաստ է դառնում նախըտրական քարոզչությունը»: