Հայտարարում ենք պայքարի նոր փուլ. համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը, անհնազանդության զանգվածային ակցիաները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչու՞ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։

Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ և հատուկ ծայրահեղ գործողություններ չենք իրականացնում, որ դավաճանների իշխանությունն ավարտին հասցնի իր սև գործը։
Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկության շարժումն իր ձևավորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դավաճանի իշխանությունը րոպե առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք հենց այդ տրամաբանությամբ։ Այո, մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկության շարժման մշակած մոտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։