Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Նիկոլ Փաշինյանը 1.5 տարի առաջ պատմել է, թե ինչ է սպասվում Արցախին, և Արայիկ Հարությունյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյան հանձնված տարածքներից իրենց բիզնեսները վաճառել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանը պատմում է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին. «Արարատ Միրզոյանը բանակցել է Արայիկ Հարությունյանի հետ ինֆորմացիայի, հավատարմության երաշխիքների դիմաց և այլն, և երաշխավորել Նիկոլ Փաշինյանին, թե՝ ես գտել եմ նոր ստրուկ, ինքը պատրաստ է հոգին վաճառել սատանային: Իսկ ինչի՞ց էր վախենում Արայիկ Հարությունյանը. նա վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի թալանի գործընթացները, որի մեջ մինչև կոկորդը թաթախված է Արայիկ Հարությունյանը»:

Մինասյանի խոսքով՝ Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել. առաջին պայմանավորվածությունը տեղի է ունեցել Հռոմում՝ սփյուռքահայ բարերարի երաշխավորությամբ, որը ներկա է եղել այդ խոսակցությանը:

Այնուհետև, ինչպես Միքայել Մինասյանն է նշում, Նիկոլ Փաշինյանը քրեական գործերը առկախել է Արայիկ Հարությունյանի վրա և առաջարկել է համագործակցություն, որի հիմքում Արցախն էր. «1.5 տարի առաջ եղել է հանդիպում, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Այդ չորս անձինք խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, որովհետև 1.5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչ է լինելու Արցախում և ինչի տակ են իրենք մտնում, պատմել է այն, ինչ տեղի է ունենում այսօր: Ես գիտեմ, որ դա անհավատալի է, սակայն, ասում են՝ վերջին 1.5 տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Կամո Աղաջանյանը վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք գտնվում էին Ջաբրայիլում, Ֆիզուլիում և ամենակարևորը՝ Հադրութում և պատկանում էին իրենց կամ իրենց առնչվող անձանց: Հադրութի շրջանի այգիները, որոնք պատկանում էին երկուսին կամ նրանց առնչվող անձանց, կես գնով վաճառվել է երրորդ անձանց, նույնիսկ Արայիկ Հարությունյանը օգնել է, որ մարդիկ գտնեն ֆինանսավորում բանկերի ու հիմնադրամների միջոցով»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: