Իմ տեղեկություններով՝ Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Փաթեթը ներառում է հակաթուրքական արտաքին քաղաքականություն չիրականացնելու Հայաստանի պարտավորությունը, այդ թվում՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջ մղելուց, ամբողջովին հեռու մնալ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված սփյուռքի գործողություններից, ստորագրել փաստաթղթեր տարածքային պահանջների բացակայության մասին, ինչպես նաեւ հրաժարվել ֆինանսական փոխհատուցումից: Նաեւ զիջումների փաթեթը ներառում է «հայկական հարցը» ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծում (սա բառացի արտահայտություն է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, որտեղ Ցեղասպանությունն ամոթխած անվանում են «հայկական հարց»):

Կարևոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացը տեղի է ունենում տնտեսապես նշանակալի սահմանային տարածքներ ադրբեջանական կողմին փոխանցելու եւ Մեղրիով պանթուրքիստական միջանցքի օգտագործման մասին բանավոր համաձայնությունների ամրապնդմանը զուգահեռ»,- նշել է նա: