Ռուսաստանի Դաշնությունում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս կայանալիք Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցին և դիմելով հենց իրեն՝ Փաշինյանին։

Ստորև  ներկայացնում ենք նրա գրառումը թարգմանաբար․

«Պարո՛ն Փաշինյան, հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Ձեր՝ Մոսկվա այցին։

Դուք Facebook սոցիալական կայքում հրապարակեցիք հայկական պետականությանը և մեր ժողովրդի համար վնասակար հայտարարության «գերակա» կետերը, որոնք, ըստ երևույթին, հիմք կդառնան նոր համաձայնագրի համար, որը Դուք պատրաստվում եք ստորագրել Մոսկվայում:

2018-ի ապրիլին, երբ Դուք, շահարկելով մեր դյուրահավատ ժողովրդի անկեղծ զգացմունքները, համառորեն ձգտեցիք հասնել վարչապետի աթոռին, Ռուսաստանի հայերի միությունը հայ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան կազմակերպեց, որի շրջանակներում մենք արտահայտեցինք մեր մտահոգությունները և բացասական կանխատեսումները՝ Ձեր իշխանության գալու առնչությամբ:

Գրեթե երեք տարի անց Դուք, օժտված գործնականում անսահմանափակ իշխանությամբ և ժողովրդի աննախադեպ վստահությամբ, ցավոք, ոչինչ չեք ձեռնարկել Ձեր նկատմամբ մեր վերաբերմունքը դեպի լավը դարձնելու համար:

Ինչո՞ւ ու ինչո՞վ եք հիմա մեկնում Ռուսաստան: Էլ ի՞նչ եք ստորագրելու, և էլ ինչի՞ շուրջ եք բանավոր համաձայնության գալու:

Ինչու՞ եք այդքան շահագրգռված ամեն ինչ հանձնելու շուտափույթ ավարտմամբ, որը դեռ ձեր ուժերի տիրույթում է: Ո՞ւմ և ինչի՞ն եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ստացված բոլոր նվաստացումներին և լկտի հարձակումներին: Ինչու՞ չեք կարող կանգնեցնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը, չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների` Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:

Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարևորագույն հարցը կապում եք Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական և Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:

Ձեր բանակցությունների և համաձայնագրերի օրակարգում կա՞ Արցախի կարգավիճակի հարցը:

Պարո՛ն Փաշինյան, Դուք այլևս չեք կարող ներկայացնել հայերին և Հայաստանի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ Դուք գործում եք Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս արդեն երկու ամիս և ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անունը դեռ փորձում եք թաքցնել ՝ շրջապատված լինելով զինված թիկնապահների խիտ շղթաներով՝ մոռանալով, որ այսօր թիկնապահն ու Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները պաշտպանության կարիք ունեն:

Ես կցանկանայի իմանալ, թե ինչ են անում պետական մարմինները և ինչպես են նրանք մասնակցում այդ գործընթացներին, և արդյո՞ք նրանց ղեկավարները հասկանում են, որ իրենք՝ իրենց գործողություններով կամ անգործությամբ, օժանդակելով Ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվածի համար:

Ինչո՞ւ է միայն Հայաստանի ՄԻՊ-ը պաշտպանում պետության և երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:

Պարո՛ն Փաշինյան, եթե այս հարցերի պատասխանները չունեք, ապա Մոսկվա գնալու, Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին նյարդայնացնելու ու նվաստացնելու կարիք չկա Ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե ձեր Մոսկվա ժամանելուն»: