ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանն ասում է` հայերի հետ տեղի է ունեցել հետևյալը` ժողովրդի մեծ մասին խաբել ու մանիպուլացրել են. չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին։

«Նա խաբել է բոլորին, մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը, և շարունակում է դա անել։ Եվ հիմա էլ եթե եկել ու ասում եք, որ խաբվել եք, ներողություն եք խնդրում։ Եթե ներողություն եք խնդրում, գնացեք ու զոհվածի ծնողի առաջ չոքեք, ասեք՝ զոհվածի մայր, գիտե՞ս՝ ես խրախուսել ու վեր եմ հանել էդ անասունների կերպարները, նրանք էլ գնացել ու քո երեխայի թողել են անպաշտպան։ Դե ասա, չե՞ս ասում, ուրեմն դու էլ ես մեղավոր»,- տեղի ունեցող գործընթացներով մտահոգված մտավորականների հրատապ ժողովի ընթացքում ասաց նա։

Նրա խոսքով, մտավորականն իրավունք չունի սխալվելու, եթե նա գնացել և նկարահանվել է մի տեսանյութում, որտեղ հայ երիտասարդին ասում է՝ գնա պատերազմ, քանի որ հայրենիքը քո կարիքն ունի, ապա նա ոչ թե հայրենասիրություն, այլ մահ է քարոզում։

«Դու ընտանիքից երեխային հանել ու տարել ես, ի՞ նչ մտավորական ես դու։ Անուններ չտամ, բոլորդ էլ գիտեք՝ ովքեր են եղել այդ ռոլիկներում։ Իրենք պետք է պատասխան տան։  Հիմա ես չգիտեմ՝ ինչ պետք է անենք, որ այս չարիքը հեռանա մեր երկրից, եթե մեկը գիտի, թող ասի»,- զայրացած նկատեց նա։

Ըստ Վահրամ Սահակյանի, բացի իշխանության հրաժարականի պահանջով նամակ գրելուց այլ քայլ և որոշում ևս պետք է, բայց ինքը չգիտի՝ հնարավո՞ր է այլ որոշման գալ։