Շուրջ 25 ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են կառավարությունից առավելագույն թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովում:

 

«Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ եւ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը,

-Մոսկվայում Հայաստանի եւ Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը,

-ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը,

-հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝

մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.

1.առավելագույն թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու եւ ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր եւ հասարակությանը կանգնեցնում են այլեւս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով եւ վտանգելով Հայաստանի եւ Արցախի կապը, Հայաստանում եւ Արցախում մարդկանց անվտանգությունը:

2.հանրությանն իրազեկել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների եւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգության, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա:

3.արդյունավետ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման եւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:

4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի եւ նորմերի համաձայն գործող երկկողմ եւ բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին եւ զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ), ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Անի Աղագյուլյան, իրավապաշտպան

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Սոնա Մանուսյան

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Սոցիոսկոպ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա