Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կոտրել յուրաքանչյուրիդ մեջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլությունը:

Հիշեք՝ հաղթողներին պաշտում են անգամ թշնամիները:

Արդար հաղթանակը հզորության վառ գույների ամբողջությունն է: ՀԱՂԹԻ՛Ր, և կպատվեն քեզ, երբ փշրես դժվարություններից հյուսված արգելքները:

Տիգրան Մեծի Հայաստանը սրտումս պատկերված եմ գնում, ինձ հաղթել չի լինի…Բայց եթե մի չար հրաշքով այլևս չլինեմ, իմ ընտանիքից, հարազատներից սկսած, ուզում եմ, որ ամենքդ ձեր ներսում կրեք ԼՈՒՅՍԸ…

Ների՛ր ինձ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք, նվաստի՛ս, անփառունակ ընթացքի համար։ Ների՛ր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա՝ որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք…

Ներե՛ք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներե՛ք, որ արյունս բավարար չեղավ փրկելու ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: Եվ ների՛ր ինձ, ի՛մ ԱԶԳ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար….Արցախի այսօրվա լուսաբացները արյան գույն ունեն….

Սրանք քո տողերն են: Ու ինձ թվում է, որ հայրդ ինչ-որ բան չի հիշում: Վաչագանը աշխույժ, աչքաբաց, հետաքրքրասեր երեխա էր, բոլորը սիրում էին Վաչոյին՝ ասում է նա: Աչքաբաց, աշխույժ, հետաքրքրասեր: Ես կարդում եմ քո սխրանքի պատմությունը, քո մտորումները, որ պահ էիր տվել ֆեյսբուքյան էջիդ ռազմաճակատ գնալուց առաջ, ու մտածում եմ, որ քո մանկությունը պիտի արտասովոր լիներ: Որ հայրդ պիտի հիշեր բացառիկ ու ցնցող պատմություններ, բայց նա ասում է ամենասովորական բառերը, օրինակ՝ շատ հոգատար էր եղբոր հանդեպ, ու քո մանկությունը հիշելիս առաջին անգամ ժպտում է ամբողջ զրույցի ընթացքում: Երևի հոր համար դժվար է պատմել որդու մասին, որը այլևս մեր տիրույթներում չէ: Տղերքն ավելի բարձրում մնացին՝ մտքիս մեջ ռեքվիեմի պես հնչում են հորդ տողերը, կրկնվում նորից ու նորից.

-Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին:

Դիպան աստղերին, աստղերը հանգան,

Ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին…

Իսկ հայրդ ասում է՝ Վաչագանը ուրիշ իրականության մեջ էր ապրում: Դեռ աստղերին հպվելու համար դու ճանապարհ պիտի անցնեիր, որը սկիզբ էր առնում այդ ուրիշ իրականությունից: Վաչագանն ապրում էր Տիգրան Մեծի հայրենիքում՝ շարունակում է հայրդ, ու ես մտածում եմ, թե ո՞ւր պիտի գնամ Տիգրան Մեծի հայրենիքը փնտրելու համար՝ անցյա՞լ, թե՞ ապագա: Դու հազիվ թե անցյալում ապրեիր: Հարահոս ժամանակի ո՞ր, հանգրվանում էիր գտել Տիգրան Մեծի հայրենիքը և ինչպե՞ս էիր հուշելու, որ մենք էլ գտնենք երազանքի երկիր տանող ճամփան:… Հիմա գիտեմ՝ ինչպես: Բոլորը գիտեն: Բայց այն ժամանակ դու որոնումների մեջ էիր:

Ու բանակը շատ հարցերի պատասխանեց: Կրտսեր սերժանտից մինչև ավագ ու դասակի հրամանատար ճանապարհը, որ անցար՝ վաստակելով բոլոր հնարավոր խրախուսանքներն ու «Գարեգին Նժդեհ» մեդալը, քո զինվորական կենսագրության պետական գնահատականն էին, բայց ուրիշ գնահատական էլ կար, թերևս՝ ավելի կարևոր, որովհետև դրանք չեն նշվում ծառայողական բնութագրի ժլատ տողերում, բայց շատ ավելի լավ են բնութագրում մարդուն: Դրանք անցնում են շուրթից շուրթ, սրտից սիրտ, ներծծվում պատմողի հույզերով ու ապրումներով, դառնում ասք ու լեգենդ: Օրինակ՝ ես չգիտեմ այն զինվորների անունները, որոնք քո՝ իրենց դասակի հրամանատարի միջնորդությամբ արձակուրդ են ստացել, բայց գիտեմ, որ դու առաջին հերթին արձակուրդ էիր խնդրում նրանց համար, ում ծնողները չէին կարող հաճախակի գալ զորամաս կամ մշտապես բուֆետից օգտվելու փող ուղարկել իրենց զինվոր զավակներին: Բոլորը գիտեին, որ ավագ Վաչագան Մանուկյանը խեղճերի պաշտպանն է, նա թույլի կողքին է:

Ավելի ճիշտ՝ դասակի հրամանատար Վաչագան Մանուկյանի կողքին խեղճ ու թույլ զինվոր չկար: Բոլորը գիտեին, որ եթե Վաչագան Մանուկյանի կողքին ես, պիտի զինվորական գործին նվիրվես անմնացորդ, պիտի տրվես ինքնամոռաց, անձնվիրաբար, որովհետև հայրենիքի հանդեպ պարտքը կիսատ-պռատություն չի հանդուրժում: Իսկ մի ուրիշ կին ասում է, որ սերը, բարությունն ու հոգատարությունը պարզապես կենսակերպ էին քեզ համար: Կենսակերպ բառը իմն է, իսկ այդ անծանոթ կինը ասում է, որ դու Գերմանիայից դեղեր ես բերել տվել իր համար: Հայրդ էլ չի ճանաչում այդ կնոջը, այսինքն՝ ո՛չ հարևան է, ո՛չ բարեկամ, պարզապես մարդ է, հայրենակից, որը հիմա հարազատի պես սգում է քո կորուստը:

Ամեն դեպքում, ես մտածում եմ, որ բոլոր առաքինություններով հանդերձ, քոնը հայրենիքի պաշտպանությունն էր, ու դու մի ամբողջ կյանք պատրաստվում էիր այս պատերազմին: Չէ, ես չեմ ասում, թե դու գիտեիր, որ պիտի անմահանաս այս պատերազմում, և քո առաքելությունը հոկտեմբերի 22-ից սկսված ու մոտ 15 օր տևած կռիվն էր մեր հողը մտած պապենական թշնամու դեմ: ….Հայրենապաշտությունը կդառնա ծաղրի առարկա, և երիտասարդությանը նրբորեն կհագցնեն համաշխարհաքաղաքացու զգեստները։

Բազմաթիվ քրիստոսներ կգան մարդկության բեռն իրենց ուսերին առնելու պատրաստակամությամբ, ու դու նորից կխաբվես, մա՛րդ…Ազատ աշխարհի կոսմոպոլիտները կջախջախեն ազգերի մշակույթները, նրանց կյանքի երակներում ներարկելով կենարար թվացող ինքնաոչնչացման թույնը՝ գրում էիր դու ու երազում էիր ազգային արժեքների պաշտպանության համար պայքարող կուսակցություն ստեղծել ու այդ գաղափարի շուրջ համախմբել էիր ուսանողական ու բանակային ընկերներիդ: Դու գրում էիր, հոդվածներ էիր գրում, հասցրել էիր գիրք հրատարակել: Տիգրան Մեծի հոգևոր հայրենիքից եկած՝ դու իրական հայրենիքում քո տարածքներն էիր որոնում, երբ պայթեց պատերազմը: Աշխատավայրից ուղիղ զինկոմիսարիատ գնացիր: Պատրաստ եղիր, կկանչենք՝ ասացին զինկոմիսարիատում:

Դու պատրաստ էիր ու սկսեցիր հորդ նախապատրաստել՝ հայրենիքի, տղամարդու պարտքի մասին սրտառուչ խոսքեր ասելով հորդ՝ հայոց լավագույն պոետներից մեկին, որի բանաստեղծությունները ներծծված են հայրենապաշտությամբ ու հայրենիքի չքնաղ ներբող են: Բայց, իրոք, նախապատրաստելու կարիք կար, որովհետև, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ ուզում էիր գնալ ճակատ ու միանալ Արցախը պաշտպանող զինվոր եղբորդ՝ Արամին, հայրդ ասաց՝ ինձ սպանիր, նոր գնա, եթե երկու տղաներս առաջնագծում են, իմ մնալու իմաստը ո՞րն է: Արամը ապրիլյան պատերազմից վերադարձավ «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրծքին: Ապրիլի 5-ին կռիվն ավարտվեց, ու դու չհասցրիր մեկնել ռազմաճակատ: Իսկ վերջին պատերազմի ժամանակ այնքան վարպետորեն էիր համոզել հորդ, որ նա զանգեց ինձ ու խնդրեց, որ օգնեմ քեզ ճակատ ուղարկել: Ասաց, որ զինկոմիսարատ ես դիմել, բայց զինկոմիսարիատից չեն կանչում, հնարավո՞ր է, որ մեր լրագրողները քեզ իրենց հետ ճակատ տանեն:

Զինվորական լրագրողները քեզ ճակատ չտարան, ու դու գնացիր զինկոմիսարիատ: Ականատեսը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է քո վեճը զինվորական կոմիսարի հետ: Ասում է՝ գոռգոռում էր, թե՝ ոչ ոք իրավունք չունի ինձ զրկելու հայրենիքը պաշտպանելու պարտքից: Ես ֆագոտիստ եմ, բանակի գերազանցիկ եմ եղել, ես պետք եմ ճակատում:

Չզրկեցին: Արմավիրի ուսումնական զորամասում խնդրեցիր կրճատել նախավարժանքների ժամկետը, ասացիր՝ ես պատրաստ եմ կռվի, ու մեկնեցիր Արցախ: Քեզ ջոկատ տվեցին, նշանակեցին հրամանատար և ուղարկեցին Մարտունու թիկունքային հատված: Բայց այդտեղ հանգիստ էր, մարտական գործողությունները ակտիվ չէին, ու խնդրեցիր քեզ քո ջոկատով ուղարկել թեժ գիծ:

Դա Վաչագանի ընտրությունն էր՝ ասում եմ հորդ: Ես մտածում եմ, որ դա մխիթարանք է, թող որ՝ փոքրիկ վիրակապ նրա մեծ վերքին: Քեզ պատահական գնդակ չի դիպել, դու անկախ քո կամքից չէ, որ հայտնվել ես կրակի գծում: Դա քո ցանկությունն է, քո ընտրությունը, ավելին՝ քո կյանքի նպատակն ու առաքելությունը: Չէ, ես չեմ ասում, որ դու գնում էիր մեռնելու, դու հաղթելու էիր գնում ամեն գնով, ու այդ ամեն-ի մեջ զոհվելը կար, դու գիտեիր, որ կա: Դու ասում էիր՝ թշնամու ուղարկած հրթիռը գրկելը հերոսություն չէ, հերոսությունը ապրելն ու հաղթելն է: Տղաները պատմում են, որ քո հրամանով անընդհատ թաքստոցներ էին փորում, խրամատներ, որ ապրեք ու հաղթեք: …Ես քո մասին պատմում եմ իմ նիգերիացի պոետ ընկերոջը: Նա ասում է՝ բայց ո՛չ ապրեց, ո՛չ հաղթեց: Ու ես ծիծաղում եմ նրա վրա: Ես նրան ասում եմ՝ դու հայ չես, դրա համար էլ չես հասկանա, որ Վաչագանը հաղթել է: Նա ցույց է տալիս քարտեզը, մատը սահեցնում է մեր կորցրած հողերի սահմանով, բայց ես էլի ծիծաղում եմ ու կրկնում քո տողերը՝ իմ պատմությամբ պիտի կոտրեմ քո թուլությունը, ու եթե չլինեմ, քո հոգու մեջ պահիր Լույսը….Իմ նիգերիացի ընկերն ասում է՝ ծիծաղիդ մեջ լաց կա: Նա պոետ է, կարող է տեսնել լացը ծիծաղի մեջ, բայց չի կարող հասկանալ քո հաղթանակը: Մեր հաղթանակը: …Ես չեմ ուզում մանրամասն պատմել քո սխրանքի պատմությունը: Թող ժամանակ անցնի, թող բյուրեղանա, թող ամեն ինչ ավելի հստակ լինի: Ասում են՝ մարտը կատաղի էր, ուժերն՝ անհավասար, բայց դու չնահանջեցիր, մնացիր Քարինտակում, ասացիր՝ դեռ կարող ենք դիմադրել, ու շարունակեցիր կռվել:

Ու շարունակում ես կռվել: Ու շարունակելու ես կռվել, քանի դեռ քո հոգում փայփայած քարտեզը իրական հայրենիք չի դարձել մեզ համար: Դու շարունակելու ես գոռալ՝ ի զեն: Ես չգիտեմ, դեռ քանի սերնդի ականջներում է զրնգալու քո մարտակոչը, բայց դու չես լռելու քո բարձունքից: Ու կորուսյալ հայրենիքի ցավը, որ մենք ճաշակելու ենք ամեն օր՝ որպես մեր ավուր հացին քսված մրմուռ, դառնալու է ուժ, անձնվիրություն ու հաղթանակ: Քո հաղթանակը: Մեր հաղթանակը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

hayzinvor.am