Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Քիչ առաջ մի զինվորական մոտեցավ նկարահանող խմբին և խնդրեց դադարեցնել նկարահանումը` նշելով, որ նրանք զորամասի տարածք և զինվորականների են նկարահանում, ինչը, գնդապետի խոսքով, անթույլատրելի է։

«Ձեր նկարահանածներն օնլայն ռեժիմով թուրքերն էլ են նայում՝ մեր թշնամիները»,- ասաց նա՝ նշելով, որ կգա ժամանակը և նկարահանում իրականացնողները կենթարկվեն պատասխանատվության։

«Ձեր նկարահանումը վնաս ա տալիս մեր բանակին, պետությանը, մեզ․․․ թուրքը տեսնում ա, որ մեզ մոտ նմանատիպ տրամադրություններ կան»,- հավելեց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան` ևս մեկ անգամ հորդորելով դադարեցնել նկարահանումը և լքել տարածքը, ինչից հետո սկսվեց լեզվակռիվ նրա և նկարահանող խմբի անդամներից մեկի միջև։