Հայաստանում քաղաքական գործընթացներ կսկսվեն այն ժամանակ, երբ քաղաքականությունը տեղ ունենա վերածնվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի ստորագրությունից հետո մենք իմացել ենք աներևակայելի բաներ և ծավալվել է դիսկուրս՝ սա քաղաքական, թե ոչ քաղաքական գործընթաց է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա քաղաքական գործընթաց է, ընդդիմությունը ուզում է գալ, թույլ չի տալիս, և, ուշադիր, ասում է՝ իմ դեմ պայքարում են փոքրաթիվ պսևդո-էլիտաները, նրանց հետ ժողովուրդ չկա, ժողովուրդը հաշտ ու համերաշխ է, թե ոնց ենք դավաճանում իրեն, բայց անում ենք քաղաքական գործընթաց՝ ընտրություններ:

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի մեջ պատճառահետևանքային կապ չկա, բայց ուզում եմ հարց տալ. եթե ամեն ինչ լավ է, ժողովուրդն իրենց հետ է, ինչո՞ւ եք անում ընտրություններ, գնացեք առաջ: Եթե կա խնդիր, ապա այդ խնդիրն ընտրություններով չես լուծելու, որովհետև դա քաղաքական պրոցես է»:

Միքայել Մինասյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ հարց են լուծելու ընտրությունները. հողերն են հետ բերելո՞ւ, ստորագրված փաստաթղթերն են չեղարելո՞ւ, 5000 տղաներին են հարություն տալո՞ւ, ի՞նչ են անելու. «Ես ունեմ հստակ մոտեցում. Հայաստանում չպետք է լինեն ընտրություններ՝ մինչև չտրվի քաղաքական, բարոյական և ամենակարևորը՝ քրեական գնահատական այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2018-ից մինչև օրս, որովհետև դրանք լի են պետական, ազգային դավաճանություններով: Քաղաքական գործընթացները չեն կարող ուղղակի սկսվել»:

Մինասյանի խոսքով՝  նախ պետք է ազատել երկիրը քաղաքականություն սպանողներից, հետո՝ պատժել երեխաներին սպանողներին, հետո՝ պատժել Հայաստանը թալանողներին, հետո՝ ազատել գործակալներից, դավաճաներից ու անասուններից, և դրանից հետո, երբ քաղաքականությունը տեղ ունենա վերածնվելու, սկսել քաղաքական գործընթացներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: