Արցախի Հանրապետության առողջապահական համակարգն ամանորյա ոչ աշխատանքային օրերին աշխատել է ուժեղացված ռեժիմով: Մասնավորապես, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն  ունեցող  հիվանդների տեղափոխումը:  ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում ապահովվել է շտապ բժշկական օգնության 314 կանչ, որից 248-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից,  66-ը՝շրջաններում:

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 334 դեպք, որից մինչև 18 տարեկաններ` 224 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 31 անձ,  որից մինչև 18 տարեկան`16-ը: Համաձայն ԱՀ առողջապահության  նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 120-ը: Կենտրոնում  կատարվել  է  17 անհետաձգելի  վիրահատություն:

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, 1-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն: «Արևիկ»  բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում  ծնվել  է  19  երեխա, որից 10-ը՝ իգական, 9-ը` արական սեռի են: