Արցախի պաշտպանության բանակը դեկտեմբերի 26-ից հետո առ այսօր չի հրապարակել նույն օրը հրապարակված՝ զոհված զինծառայողների ցուցակը, որում անճշտություններ էին եղել, եւ այն ավելի ուշ հանվել էր կայքից։

NEWS.am-ը ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ օրս այդ ցուցակը չի հրապարակվել, եւ առհասարակ ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։

«Ցուցակը հենց լինի՝ հրապարակվելու է, որովհետեւ ցուցակը պատրաստելու համար բավականին տեւական, մանրակրկիտ աշխատանք է պահանջվում։ Տեսնում եք, թե մեկ չճշտված տվյալի պատճառով ինչ աժիոտաժ է առաջանում։ Ժամանակ է պահանջվում, ուրիշ պատճառ չկա»,- ի պատասխան ասաց Սարումյանը։

ՊԲ-ն վերջին անգամ զոհված զինծառայողների ցուցակ հրապարակել էր դեկտեմբերի 26-ին, որում ներառված էր 147 անուն, սակայն քիչ անց կայքից հանվել էր այդ ցուցակը՝ անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված։

Պաշտպանության բանակը դրանից առաջ ցուցակ էր հրապարակել դեկտեմբերի 25-ին՝ ներկայացնելով հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները: Ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական վերջին տվյալների՝  հայկական կողմի զոհերի թիվը 1870-նն է: