«SAS» սուպերմարկետների ցանցի ղեկավար Արտակ Սարգսյանի հետագիծը թերևս այնքան էլ ուղիղ չէ․․․ ավելի կոնկրետ՝ զարտուղի և ծուռ է․․․

Նրա մեջ այնքան է հասունացել բիզնեսմենը, որ մյուս բոլոր մարդկային արժեքները նա ոտքի տակ է տվել ու վաղուց մոռացել դրանց մասին (եթե իհարկե, ի սկզբանե, դրանք եղել են նրա մեջ)։

Իհարկե «ՍԱՍ»-ի Արտակի անվան հետ կապված շատ պատմություններ կան, բայց հետաքրիր պատահականությամբ նրա բախտը միշտ բերում է՝ թացից չոր է դուրս գալիս ու մեծ հաջողությամբ ծաղկեցնում իր բիզնեսը։

Արտակի սրա-նրա «տակ պառկելու» և իր գործը առաջ տանելու մասին գուցե չհիշեինք, եթե Newspress.am-ին հայտնի չդառնար նրա վերջին շրջանի հերթական լկտի քայլը։

Մեր տեղեկություններով՝ պատերազմի թեժ օրերին Արտակը կապ է հաստատել կռվի դաշտ մեկնած իր բոլոր աշխատակիցների հետ ու պահանջել հետ վերադառնալ, քանի որ իր գործը տուժում է։ Երբ աշխատակիցները բացատրել են, որ այս պահին հայրենիքի պաշտպանությունն ավելի կարևոր գործ է՝ Արտակը նրանց սպառնացել է զրկել աշխատանքից՝ կոնկրետ նրանց առաջ հարց դնելով՝ կամ հիմա հետ են գալիս ու շարունակում աշխատել, կամ այլևս կարող են չգալ, քանի որ ազատված են աշխատանքից․․․

Հիշեցման կարգով և նրանց համար, ովքեր հնարավոր է չիմանան՝ մի երկու տողով Արտակ Սարգսյանի կենսագրությունը։

Նա Ազգային ժողով է մտել 31 տարեկանում՝ «Օրինաց երկիր» կուսակցության կազմում։ Ու քանի որ Արտակին ինչ-որ մեկը գլխի էր գցել, որ պատգամավոր դառնալուց առաջ գոնե մի ուսում պետք է ստանալ, նա մինչ այդ արագ ընդունվել-ավարտել է և ստացել «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունը․․․

Հնարավոր է նաև գնել է դիպլոմը, բայց էականն արդեն դա էլ չէ, այլ այն, որ նա ամեն անգամ ճիշտ ժամանակին կարողացել է ճիշտ կողմոնորոշվել։

2006թ. մայիսի 22-ին Արտակը, որոշ գործարարների նման, վերջնականապես լքեց իրեն պատգամավոր դարձրած ՕԵԿ-ին։

ՕԵԿ-ի և կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դիրքերն այլևս այն չէին և Արտակ Սարգսյանը փորձեց ծվարել այն ժամանակ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորների թևի տակ։ Բայց անմիջապես կողմնորոշվեց, որ ՀՀԿ-ի դիրքերն ավելի ամուր են այդ պահին․․․ հենց նույն տարվա մեջ դարձավ ՀՀԿ անդամ․․․

ՀՀԿ-ի տանիքի ներքո նա, որպես օլիգարխ, այսինքն՝ պաշտոնյա-բիզնեսմեն, ծաղկեցրեց իր բիզնեսն այնքան, մինչև հասավ Նիկոլի Փաշինյանի իշխանությունը։

Նա այստեղ էլ շատ արագ կողմնորոշվեց, ու մի քանի այլ գործարարների  (այդ թվում՝ Լֆիկ Սամոյի) հետ միասին լքեց ՀՀԿ-ն ու մնաց առաջատար ու անձեռնամխելի գործարարների շարքում․․․

Զուր չեն նաև լուրերն այն մասին, որ Լֆիկ Սամոյի հետ, «ՍԱՍ»-ի Արտակը ևս պահել է ֆեյքերի ֆաբրիկա, որոնք ծառայել են գործող իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլի փիառին․․․

Այն, որ «ՍԱՍ»-ի Արտակը միայն իր շահի մասին է մտածում՝ այլևս անկներև է․․․ այստեղ կա մեկ այլ հարց ևս։ Հայրենազուրկ գործարարը այդչափ նվիրված լինելով իրեն ամենաթողություն պարգևած «նոր տիրոջը», փաստացի դեմ է գնացել Նիկոլի հանրահավաքի կոչին՝ պատերազմի դաշտից հետ կանչելով աշխատողներին․․․

Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչու պետք է նա ընդդիմանար Նիկոլի կոչին․․․  գուցե իր բիզնեսի մասին մտածելուց բացի, գործարարն ուներ նաև տղաներին հետ կանչելու ա՞յլ պատճառ կամ հրահանգ․․․