Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը պարզաբանումներ տալու նպատակով քիչ առաջ մոտեցավ նախարարության դիմաց հավաքված քաղաքացիներին։ Նախարարին քաղաքացիներից մի քանիսը դիմավորեցին «բանակից փախած», «հայրենիքի դավաճան» վանկարկումներով։

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով քաղաքացիներին խնդրեց իրավիճակը չսրել եւ լսել նախարարին։ Նա նշեց, որ Ռուսամ Բադասայանի հետ կարճ քննարկում է  ունեցել եւ խնդրել, որ իջնի քաղաքացիների մոտ։

«Վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որեւէ պայմանագիր չկա, տարածվածը ապատեղեկատվություն է։ Նոր ոճ է ի հայտ եկել  տելեգրամյան անհայտ ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածել, որի վրա հղում են անում ԶԼՄ-ները եւ հասարակությունում առաջանում են հուզումներ, անհանգստություններ։ Կոչ եմ անում բոլորին չհավատալ եւ չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքանը հարց ուղղեց, թե որպես Կառավարության անդամ տեղյա՞կ է՝ կա փաստաթուղթ կամ պայմանագիր, որը նախատեսվում է հունվարի 11-ին ստորագրվել Մոսկվայում։

«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես որպես Կառավարության անդամ տեղյակ կլինեի դրա գոյության մասին»,- նշեց Բադասյանը։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարություն է ուղարկվել փաստաթուղթ կամ պայմանագիր, որը  կորոշվի դրա համապատասխանելիությունը ՀՀ Սահմանադրությանը եւ այն հնարավոր է ստորագրվի հունվարի 11-ին Մոսկվայում, որտեղ նախատեսվում է  Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպում։