Անհետ  կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ով այլ ծնողների հետ նստացույց է անում Էջմիածնի զորամասի դիմաց, քիչ առաջ հեռախոսազանգով կապվեց զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանի հետ, պարզելու, թե ի՞նչ նորություն ունի իրենց համար։  Վերջինս  ասաց, որ այդ պահին Պաշտպանության նախարարությունում է, պետք է սպասել։

Անահիտ Ադոյանը հրամանատարին փոխանցեց, որ Ստեփանակերտից  ասել են, որ ինքը կապ հաստատի ՀՀ ԱԱԾ պետի հետ։ Աբգարյանն էլ ի պատասխան ասաց, որ կարող է զանգել, տիկին Անահիտի համար զարմանալի էր, որ ինքը պետք է ԱԱԾ պետի հետ կապվի։

Ապա Ադոյանը հետաքրքրվեց նաեւ, թե թուղթ չի՞ ուզել, որ գնա անհետ կորած զինծառայողներին փնտրելու։

«Անահիտ, համբերի, ասում եմ՝ ուրիշ հարց կա։ Ցավդ տանեմ, էդ հարցով եմ, գնալ-չգնալու համար սպասի թույլտվություն ստանամ»,- ասաց Աբգարյանը՝ խոստանալով, որ ինքը հետո կապ կհաստատի իր հետ։

Անհետ կորած զինծառայողների հարազատները վստահություն չունեն Աբգարյանի  խոսքերի նկատմամբ։

«Ուզո՞ւմ եք գնանք նախարարություն, համոզվեք, որ Արսենն էնտեղ չի, բացարձակ սուտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ զինծառայողի հարազատ։