Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին արտակարգ դրության ռեժիմը 15 օրով (մինչև հունվարի 21-ը) երկարաձգելու մասին որոշում է կայացրել: Համապատասխան որոշման մասին նա տեղեկացրել է թվիթերյան էջում։

«Այսօրվա իրադարձությունները և շարունակվող արտակարգ իրավիճակի վերաբերյալ մտավախությունները վտանգում են հասարակական անվտանգությունը և շրջանի բնակիչների բարեկեցությունը։ Սույն կարգադրության համապատասխան արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվում է 15 օրով՝ մինչև քաղաքապետի հաջորդ կարգադրությունը»,- նշվում է տեքստում։

Հրամանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է դաշնային մակարդակով օգնության ներգրավում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:

Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։

«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել էր Կոնտին: