ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԴԱՎԱՃԱՆԸ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

Ամենածանր մղձավանջում չէինք կարող երևակայել այն, ինչ տեղի ունեցավ: Պարտությունը շարունակվում է՝ հատելով անդառնալիության բոլոր կետերը:

Հայաստանը նման է ավազե ժամացույցի, որի վերին հատվածը վաղուց դատարկ է:

Երկրի ղեկը շարունակում է պահել դավաճան և ոչնչատեսիլ մի ստահակ՝ դրա դիմաց տալով ամեն բան, ինչ հնարավոր է, ինչ ուզում են: Նա անգամ չի ծախում, պարզապես տալիս է, տալիս է անսակարկ, անդիմադրություն ու անվերապահ, առանց բանակցելու՝ բանավոր համաձայնություններով…

Դավաճանը նաև հիվանդ է, փառասեր ու անբարոյական. նրան չեն կանգնեցնում զոհերը, կորուստները, պետականության և ինքնիշխանության կոլապսը, մարդկային նզովքն ու ատելությունը:

Սեփական երկրում պատանդի վերածված և երկիրը գաղութայնացման տանող դավաճանը, հերթական գիշերային դավադրությանն է պատրաստվում: Բարոյական, քաղաքական և իրավական լեգիտիմություն չունեցողը մոսկովյան պայմանագրի ստորագրմանն է պատրաստվում, և այդ ամենը ժողովրդի թիկունքում, մեր հասարակության կողմից մերժված, իրեն պարտադրած ինքնամեկուսացման մեջ:

Ստահակի և մեր պետության մեկուսացումը վաղուց է սկսվել. հետպատերազմյան այս ողջ ընթացքում Հայաստանը չի օգտվել միջազգային իրավունքի ոչ մի հնարավորությունից, պահանջատեր չի եղել, չի սկսել և ոչ մի քաղաքաիրավական գործընթաց, ուր փորձ կարվեր պաշտպանել մեր պետականության շահերը, գնահատական կտրվեր Ադրբեջանի կամ Թուրքիայի ագրեսիային, հիմք տալով մեր ապագա բանակցային գործընթացներին:

Սպասել, թե մեր ազգային շահերը խորապես դավաճանած, քաղաքականապես տգետ, երկխոսելու մեջ խեղկատակ, մարդկայնորեն ու միջազգայնորեն նվաստացած մեկն ի զորու է ազգային կենսական շահեր հետապնդել ու պաշտպանել դրանք, անիմաստ է և անպտուղ:

Նրա ստորագրած, նրա մշակած և նրա կողմից համաձայնած ցանկացած փաստաթուղթ մեր հասարակությունը պետք է մերժի և առ ոչինչ գնահատի:

Դավաճանը հայ ժողովրդի անունից և մեր հեռանկարի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրելու և պարտականություններ ստանձնելու իրավունք չունի»: