Դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, եւ ես հիմնվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի եկեղեցական եւ կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել եւ պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգեւոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, եւ այս զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, եւ այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են եւ երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, եւ դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգեւոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգեւոր վիճակի համար:

Իսկ ի՞նչ է հոգեւոր վիճակը: Ո՞ր ուժ կգերակշռի` խաղաղության, սիրո, հանգստության կամ չարիքի ուժը, թե չարության ուժը, դրանից էլ կախված կլինի մարդկանց պահվածքը:

Ուստի կրոնական առաջնորդների դերը կարեւոր է. մենք այն չենք չափազանցնում, բայց եւ չենք էլ թերագնահատում: Ի վերջո, այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակում, կրոնական խորհրդանիշների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառում պատերազմող կողմերին ոգեշնչելու համար: Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Ուստի, առանց չափազանցնելու կրոնական առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն:

Ռուսական եկեղեցին պատրաստ է նաեւ մասնակցել այս գործընթացին` շատ բարդ խնդրի լուծման գործում իր խաղաղապահ ներդրումն ունենալու համար, որը, ցավոք, այս պահին կարող էր կասեցվել միայն ռուս խաղաղապահների առկայությամբ: Աստված տա, որ կրոնների խաղաղարար ներուժը փոխարինի պատերազմող կողմերը բաժանած զենքով մարդկանց ներկայությանը»: