Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Պետք է անմիջապես գործ հարուցված լիներ։ Նրա լիազորությունները պետք է դադարեցված լինեին։ Խոսքը պետական դավաճանության մասին է, իշխանության յուրացման եւ այլն։ Սահմանադրական կարգի տապալման մասին արդեն փաստերն առկա են, եւ որեւէ լրացուցիչ հետաքննություն անելու կարիք չկա։ Մենք որակում ենք, որ նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի արդյունքում նաեւ արդեն, փաստացի, ունենք իրավիճակ, երբ ՀՀ տարածքային ամբողջականությունն է ոտնահարվել, իսկ մեր Սահմանադրությունը ներդրած ունի հստակ զսպող, հակակշռող մեխանիզմներ, որպեսզի բացառի հենց այսպիսի իրավիճակը»,- նշեց նա։

Մելոյանն ասաց, որ ստորագրած այդ հայտարարությունը հայկական կողմը նախ պետք է ուղարկեր Սահմանադրական դատարան՝ դակական եզրակացություն ստանալու համար. «Պետք է այդ փաստաթուղթը ներկայացվեր Սահմանադրական դատարան՝ ստանալու դրական եզրակացություն Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից, այնուհետեւ պետք է ներկայացվեր Ազգային ժողովի վավերացմանը։ Այս գործընթացները չեն պահպանվել եւ Փաշինյանը միանձնյա իրեն թույլ է տվել ստորագրելու այդ փաստաթուղթը։ Ըստ էության, այդ փաստաթուղթը մեր օրենսդրության համատեքստում առոչինչ է»։

Գոհար Մելոյանը նշեց՝ լուրեր են շրջանառվում, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կայանալիք հանդիպմանը պետք է լրացուցիչ պայմանագիր ստորագրվի. «Այդ լրացուցիչ պայմանագիրն արդեն մանրամասնելու է այդ հայտարարության 9-րդ կետը։ 9-րդ կետով սահմանվում էր, որ պետք է ապահովվի ճանապարհը, որը կկապվի Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, որպեսզի եւ առեւտրային եւ քաղաքացիների տարածման հնարավորություն ստեղծվի։ Ըստ լուրերի՝ ճշգրտվելու է այդ ճանապարհաշինարարական աշխատանքները։ Կրկին ըստ լուրերի՝ այդ փաստաթղթով լրացուցիչ հայկական տարածքներ են հանձնվելու օրինակ՝ Տավուշի շրջանից»։

Սահմանադրագետն ընդգծեց, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն արդեն պարբերաբար ոտնահարվելու է. «Իր մանիպուլյատիվ այն արարքը, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքին հղում կատարեց, իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ուժը կորցրած դրույթներ, որ հիմնավորի հայկական տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նույն այդ օրենքի համաձայն՝ Շուռնուխ գյուղը Սյունիքի մարզի գյուղ է հանդիսանում հայկական տարածք է։ Որ նշում են՝ ինչո՞ւ եք թուրքի տարածքը գրավել, հետ վերադարձրեք իր հողերը, որեւէ կերպ ձեզ չի ազատում պատասխանատվությունից կամ չի արդարացնում, որ Սյունիքի մարզի գյուղ հանդիսացող տարածքը տաք թշնամուն՝ առանց որեւէ դիմադրության»։