Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա առաջարկ է, որը կքննարկենք եւ միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում առաջարկի որոշ կետերի հետ կհամաձայնենք։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», — նշել է նախարարը։

Վահան Քերոբյանը նաեւ հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հունվարին պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ կրճատել մյուս տարվա՝ նոր տարվա հանգստյան օրերը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի՝ նշելով, որ նախագիծը տարեվերջին ուղարկվել է Կառավարություն, գործադիրն այն կհաստատի հունվարի 8-ին։