Մենք պետք է որոշակի իրավական գնահատական տանք մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին: Այս մասին «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին, որի ընթացքում քննարկվում են արցախյան երրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները, ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Ոչ պակաս կարևոր է ,որ մենք կարողանանք ձևավորել իրավաբանների այնպիսի խումբ, որը կկարողանա ոչ միայն գնահատել մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները, այլ նաև հավաքագրել փաստերը և իրավական գնահատական տալ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, նրանց հնարավոր միջազգային քրեական պատասխանատվության հարցերը քննարկելու համար»,-ասաց նա:

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը, անդրադառնալով պետական դավաճանությանը, ասաց, որ դավաճանության մասին պնդումը քրեաիրավական գնահատական պետք է ստանա: Նա  որոշ փաստերի վրա ուշադրությունը հրավիրեց, որոնք, ըստ նրա,  պետք է առանձնահատուկ քննության ենթարկվեն: «Եղե՞լ է արդյոք երեք անգամ ռազմական հետախուզության  կողմից  պաշտոնական տեղեկություն՝ պատերազմի սկսվելու օրվա և ժամի վերաբերյալ, և այդ երեք անգամից քանի՞ անգամ է այդ տվյալը զեկուցվել գլխավոր շտաբ, ապա պետության քաղաքական ղեկավարությանը»,-ասաց նա և նշեց, որ արդյունքում եղել է դեպք, որ զորանոցում են մնացել զինվորներ և զինանոցը դուրս չի բերվել պահեստներից, և առկա տեղեկատվությամբ՝ ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում՝ պատերազմի առաջին մի քանի ժամվա ընթացքում, և բավականին մեծ զոհեր ենք ունեցել զորանոցում, որտեղ ուղղակի զինվորները քնած են եղել:

«Իսկ նման տեղեկության դեպքում զորանոցներում զինվորներին պահելը ռազմական առումով հանցագործություն է»,-ասաց նա և նշեց, որ դավաճանությանը քրեաիրավագիտական գնահատական տալը, բացի այն, որ արդարության համար է, այլ նաև երկրի համար հետագայում անհրաժեշտություն է: