ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հայտնի Շիշ բռնողը, քաղաքացու հետ գրագրության ժամանակ իրեն պահել է փողոցային խուժանի պես: Քաղաքացի Հրաչ Մելքումյանը ֆեյսբուքյան էջին հրապարակել է Շիշ բռնողի՝ սեռական բնույթի հայհոյանքներով լի սպառնալիքը: Հրապարակման բառամթերքից դատելով՝ Շիշ բռնողը տարրական ինքնատիրապետումից զուրկ շարքային խուլիգան է, ով իրեն քննադատող քաղաքացիների հետ շփումներում սպառնում է աջուձախ վառել բոլորին:

Բնականաբար՝ քաղաքակիրթ երկրում Շիշ բռնողը պետք է ոչ միայն հասարակական պարսավանքի արժանանար ու մերժվեր, այլև նրանով պետք է զբաղվեին և՛ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, և՛ իրավապահ մարմինները, քանի որ նա նաև սպառնում է մարդկանց վառել:

Շիշ բռնողը կշարունակի սեփական հայրենակիցների հանդեպ իրեն պահել փողոցային անբարոյականի նման՝ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում պետական ինստիտուտներ գրեթե գոյություն չունեն, իսկ  դրանց ուրվականների ղեկավարները դավադրաբար ծառայում են Նիկոլ Փաշինյան – Աննա Հակոբյան զույգի կործանարար քմահաճույքներին:

Վ. Սարգսյան