Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերարներ և ուխտավոր բազում հայորդիներ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ նշելով, որ ամենքը կրկին իրենց քայլերն ուղղել են եկեղեցիներ՝ զորանալու և խաղաղվելու փափագով, որ բոլորը 2021 նոր թվականի առաջին օրերին մեկտեղվել են աղոթքով միանալու և ապրող, կենդանի ու զինվորյալ Եկեղեցի լինելու կենսունակությունը պատարագյալ Հիսուսով սնելու։