Առողջապահության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ: Ներկայացնում ենք այն ստորև.

Այսօր, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել, մասնավորապես նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։

 

Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ այդ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է։

 

Սարքը, որն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

 

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 468 մարմին, որոնք առանց այդ հետազոտության այլ ճանապարհով հնարավոր չէր լինի նույնականացնել:

 

Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել։

 

Մեկ ուրիշ պնդում էլ արվել է, թե իբր հիվանդանոցներից զինծառայողներ են «կորել»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում։ Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով։

 

Հավելենք նաև, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը հանդիսանում է պաշտպանության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները։