Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ Ալիկ Բաղրամյանը պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել։ Այսօր նա զրկվել է տեսողությունից` զույգ աչքերը կուրացել են։ Ալիկը չի կորցնում իր հույսը։ Ասում է` ունի ձեռքեր, որոնցով կարեղ է շոշափել և զգալ, թե ինչի է հպվում։

Ալիկը և նրա ընտանիքի անդամները զրուցել են Argamblog-ի հետ։

Ալիկն անմիջապես չշփվեց թղթակցի հետ։ Նա մի փոքր ճնշվածություն էր զգում, բայց աստիճանաբար սկսեց բացվել։

Պարզվեց, որ Ալիկի հետ նաև հոգեբան է աշխատում, բայց տեսողությունից զրկված զինվորը համոզված է` նա իրեն այդքան էլ լավ չի հասկանում. «Դե ես չեմ տեսնում, ինքը` տեսնում ա»,- ասաց Ալիկը։

Խնդիրն այն է, որ Ալիկը կարող է վերականգնել գոնե մեկ աչքի տեսողությունը (քանի որ մյուս աչքն ընդհանրապես հեռացված է), սակայն դրա համար պետք են հովանավորներ` արտերկիր տանելու և բուժելու համար։

Մինչ Ալիկը խոսում էր, մայրը թաքուն արտասվում էր մի անկյունում։

Մինչ կուրանալը տղան զբաղվել է նկարչությամբ, լուցկու հատիկներից պատրաստել է նաև գեղեցիկ իրեր, եկեղեցի… Այս ամենի հետ տղան մի բան է հասկացել` առօրեական խնդիրներն անցողիկ են, բայց եթե կուրանում ես` ամեն ինչ դժվարանում է։

«Ես նկարել եմ` ունեցել եմ աչքեր` տեսողություն ու ձեռքեր։ Հիմա աչքերս չկան, միայն ձեռքերս են, ունեցել եմ հնարավորություններ ու զրկվել դրանցից»,-ասում է տղան ու մտածում, որ մարդիկ, ովքեր առանց հեռախոսի, առանց տեղ գնալու, առանց սիրուն շոր հագնելու և առօրեական այլ մանր մունր բաների չեն կարողանում ապրել, նրանց համար կուրությունը կնշանակեր մահ, իսկ ինքն արդեն դրանով ապրում է։