Ավարտվել է Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2017 թվականին։ Սակայն թուրքական իշխանությունները որոշել են տվյալ շրջանում ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը վերածել մշակութային կենտրոնի։

Akunq.net–ի փոխանցմամբ՝ Աքշեհիրի գավառապետարանի որոշմամբ, սույն հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ Եկեղեցու վերականգնումն ընդհանուր 3 ու կես միլիոն թուրքական լիրա է արժեցել։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կկազմակերպվի եկեղեցուց մշակութային կենտրոնի վերածված այս կառույցի բացման պաշտոնական արարողությունը։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» մենագրության մեջ հրապարակված տվյալների՝ Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում, նախքան Հայոց ցեղասպանությունը, 4․950 հայ էր ապրում։ 1859 թ․ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ մեկտեղ սույն գավառում առկա էին 4 հայկական կրթական հաստատություններ, որոնց շարքում Սուրբ Ստեփանոսի անվան վարժարանն իր բարձր մասնագիտական որակի շնորհիվ հայտնի էր դարձել բոլոր օսմանյան նահանգներում։