Օդապարիկ երկնքում՝ Ժորայի անունով, վառվող մոմեր, ծխացող խունկ ու արցունքոտ աչքեր․․․ Չորս քույրերի միակ եղբայրն ու հոր թագավոր որդին։ Ընդամենը 24 գարուն ապրեց Ժորա Քթրյանը։ Արցախյան պատերազմը կտրեց երիտասարդ սպայի կյանքի թելը։ Ընտանիքում հերոսի կորստյան վշտի հետ երբեք չեն համակերպվի։

Անմահացած հերոս Ժորա Քորյանը Շիրակի մարզի Մայիսյան համայնքից էր։ Քույրը՝ Անի Քթրյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը ծնվել էր 1996 թվականին` Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ 2003-2013թվականներին սովորել և ավարտել է դպրոցը։ Նախ` սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա`Գյումրու`թիվ 37ավագ դպրոցում։Միաժամանակ հաճախել է թեթև ատլետիկայի։ 2014թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։Այդ չորս տարիների ընթացքում աչքի է ընկել իր փայլուն գիտելիքներով։ Մասնագիտությամբ` հրետանու հաշվարկի հրամանատար էր։ Մասնակցել բազմաթիվ մրցույթների` արժանանալով բազում մեդալների ու պատվոգրերի։
2018թվականի մայիսին քաղցկեղից մահանում է Ժորայի մայրը, իսկ սեպտեմբեր ամսին, որպես պայմանագրային զինծառայող, նա աշխատանքի է անցնոմ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի` Ներքին Հոռաթաղ գյուղի զորամասերից մեկում։

«Աշխատեց ընդամենը երկու տարի,աշխատեց պատվով ու նվիրումով։Իր հզոր կամքի և սեփական տոկուն ոգու շնորհիվ,որպես լավ հրամանատար,հաջորդաբար ստացել է լեյտենանտի ,ավագ լեյտենանտի ու կապիտանի կոչումներ,բազմաթիվ շնորհակալագրեր։Հանգստյան օրերին հաճախակի էր գալիս հայրենի գյուղ`տեսակցելու հորը և չորս քույրերին։ Այցելում էր մոր գերեզմանին`պարտադիր կարմիր վարդերով։Շատ կապված էր մոր հետ, շատ էր տանջվում, չէր համակերպվում անդառնալի կորստի հետ»,- արցունքն աչքերից պատմեց քույրը։
2020 թվականի սեպտեմբերի 26ին`այդ չարաբաստիկ պատերազմի նախօրեյին, հերթական անգամ Ժորը եկել էր հարազատ Գյումրի`մոր շիրիմին այցելելու նպատակով։ «Վերջին անգամ այդ օրը տեսանք մեր թանկ ու մինուճար եղբորը»,- ասաց Անի Քթրյանը։ Սեպտեմբերի 28ին մայրիկի ծննդյան օրն էր։ Բայց ավաղ, չհասցրեց իր ոտքով գնալ մոր գերեզմանին, հավերժ գնաց մոր գիրկը`կարոտն առնելու։

Քույրը պատմեց, որ պատերազմի օրերին եղբոր հետ խոսում էին։ Ժորային երբ հարմար էր լինում տուն էր զանգում, հոր ու քույրերի հետ խոսում։ «Անընդհատ մենք իրա հետ կխոսայինք, երբ իրան հարմար էր, ոչ մի անգամ չէր նեղվում, չէր ասում ստեղ ինչ վիճակ է, ոչ մի բան չէինք իմանում իրանից, միշտ ասում էր լավ ենք, ամեն ինչ լավ է, մենք կհաղթենք»։ 24 ամյա Ժորա Քթրյանը զոհվել է հոկտեմբերի 29-ին։ Վերջին անգամ մեկ օր առաջ էր խոսել հոր և մեծ քրոջ հետ։
«Հայրիկին ասում է. Պապ,չմտածես,ամեն ինչ լավ է լինելու,վստահ եղիր,մենք ենք հաղթելու,ուրիշ տարբերակ չկա։ Քեզ լավ նայի…»,- ասաց քույրը։


Անի Քթրյանն ասաց, թե հայրն էլ բազմաթիվ անգամ որդուն ասել է՝ ուզում է գա Արցախ, տղայի կողքին լինի, Ժորան չի թողել։ «Սեպտեմբերի 27- ին`վաղ առավոտյան, արթնանում է զինվորի զանգից և Հրամանատար, շուտ հասիր, սկսվեց պատերազմը բառերը լսելուց հետո, առանց երկմտելու վեր է թռչում տեղից, հագնվում, մնաս բարով ասում հայրիկին ու մեքենայով ճանապարհ ընկնում։ Չորս ժամ անց արդեն Արցախում էր`իր զինվորների ու մարտական ընկերների կողքին։Սիրված և հարգված էր բոլորի կողմից։ Լավ մարդ, լավ ընկեր,լավ հրամանատար…Միշտ պատրաստակամ էր բոլորին օգնելու։ Շատ ընկերասեր էր, ընկերոջը երբեք չէր թողնում վտանգի մեջ։ Էությամբ աշխույժ էր, ժիր, համարձակ, կատակասեր, միշտ ժպիտը դեմքին, բայց պահից ելնելով`կարող էր լինել նաև խիստ,պահանջկոտ և անկոտրում։Երբեք ոչինչից չէր վախենում ու չէր վարանում։ Հարգում ու սիրում էր իր զինվորներին, հարկ եղած դեպքում`օգնում ու պաշտպանում։ Ասում էր ինձ որպես հրամանատար մի ընդունեք, ես էլ ձեր նման հասարակ զինվոր եմ։ Օժտված էր մեծ հայրենասիրությամբ և բարձր պատասխանատվությամբ։ Իրեն պատասխանատու էր համարում ամեն մի զինվորի կյանքի համար։ Պատերազմի օրերին, երբ զոհեր էր ունենում, մեծ ցավ էր ապրում, ցավ, որը կապրեր հարազատ հայրը`զավակին կորցնելիս։ Այդ կորուստը իրենն էր համարում ու էլ ավելի լցվում վրեժով։ Պատերազմի հենց առաջին օրը զինվորներից մի քանիսը վիրավորվում են։ Ժորը տեսնելով այրվող տեխնիկան, չի կորցնում իրեն,վազելով մոտենում է ու սկսում իր իսկ ձեռքերով հանգցնել կրակը։ Տղաներին ուղարկում է Երևան։ Այնուհետև զանգում է հայրիկին,տալիս տղաների տվյալները և լացակումած ձայնով ասում. Պապ,փնտրիր բոլոր հիվանդանոցներում ու գտի էրեխեքիս, իմացիր, ինչ վիճակում են, ինչ խնդիրներ ունեն,ամեն հարցում կոգնես նրանց ու անպայման կզանգես ինձ, շատ անհանգիստ եմ։ Ասել էր,պապ,տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ անեմ, էրեխեքս աչքիս առաջ զոհվում են,վիավորվում, ու ես ոչինչ չեմ կարող անել, ոչինչով չեմ կարող օգնել։Մարտական ընկերները տեսնելով Ժորի այրված ձեռքերը,հորդորում են, որ գնա ու պառկի հոսպիտալ։ Ասել էր, որ երբեք չի թողնելու իր զինվորներին մենակ, որ գնա,ո՞վ է իր զինվորին տիրություն անելու,ո՞վ է օգնելու։ Այսպես պատասխանելով, ինքնուրույն վիրակապում է ձեռքերը և շարունակում իր անելիքը»։

Ու այսպես, երեսուներեք օր շարունակ, Ժորա Քթրյանը իր ապրող զինվորների հետ ապրեց, մահացողի հետ`մահացավ…
Հոկտեմբերի քսանինը…

Ճակատագրական օր, որը խլեց հերոսի կյանքը։

Ցերեկը,ժամը մեկից երկուսն ընկած սահմանում,Մարտակերտի Ներքին Հոռաթաղի դիրքերից մեկում,Ժորան փորձում է նոր ստացած զինտեխնիկան կարգի գցել։ Զինվորներին ասում է.Մտեք թաքստոց և դուրս չգաք էնտեղից,մինչև ես կարգավորեմ ու գործի դնեմ։ Հենց այդ պահին,թշնամու սնարյադից ծանր բեկորային վնասվածքներ է ստանում թիկունքից ու անմահանում։Մինչև վերջ արիաբար մնալով իր հրետանու կողքին,բռնեց հավերժի ճամփան…Եղավ հզոր ու անվեհեր,մարտնչեց արիաբար և փրկելով իր իսկ զինվորներին`զոհեց ինքն իրեն։Պաշտպանեց իրեն վստահված իր հայրենի սահմանը,պաշտպանեց թիզ առ թիզ,պաշտպանեց աչքի լույսի պես,և ի վերջո,պաշտպանեց իր իսկ կյանքի գնով…

Ընդամենը 24 տարեկան հասակում`իր բոլոր նվիրական երազանքներն ու նպատակները, բռնեց հավերժի ճամփան,միայնակ թողնելով հայրիկին ու չորս քույրերին, թողնելով կոտրված,արցունքն աչքերին,կիսատ ու հավերժ սպասող…

Ժորան նպատակ ուներ՝ ամուսնանար, աղջիկ երեխա ունենար ու անվանակոչեր մայրիկի անունով`Ջուլիետա։ Նաև ցանկանում էր երկրորդ մասնագիտություն ձեռք բերել, որպես իրավաբան, ցավոք,այդ բոլոր ցանկությունները մնացին օդից կախված ու հոդս ցնդեցին…

Ընտանիքում իրենց հերոսի կորստյան վշտի հետ չեն համակերպվում։ Ժորային հուղարկավորել են հարազատ Մայիսյան գյուղում՝ մոր կողքին։ Հայրն օրը մի քանի անգամ որդու շիրիմին է այցելում։
«Ամանորին իր անունով օդապարիկ բաց թողեցինք , մոմ վառեցինք․․․ չենք հաշտվում, Ժորաս միշտ մեր մտքում է, մեր սրտում։ Հավերժ փառք քեզ մեր հերոս Ժորա Քթրյան,խոստանում ենք քեզ հավերժ պահելու մեր հուշերում,դու հավերժ ապրելու ես մեր կոտրված սրտերում,մեր լույս,մեր հույս,մեր կյանք ԺՈՌ…»,- եզրափակեց  քույրը։

Փայլակ Ֆահրադյան