Վարդևան Հակոբյանը գրում է․

«ՀՀ ԱԱ Ծառայության տնօրեն գնդապետ Ա.Աբազյանին Բաց նամակ

Պարոն տնօրեն,կամ ես ինձ իրավունք վերապահելով,դիմում եմ քեզ անունով՝ Արմեն, լինելով քո նախկին ավագ գործընկերը, ընկերը և ղեկավարը, ստիպված եմ գնում այս քայլին, քանի որ բաց նամակ գրելն ընդունված չէ ԱԱԾ գործելակարգին, սակայն չունենալով այլ ելք և միաժամանակ գիտակցելով ստեղծված բարդ ու բոլորիս համար ճակատագրական պահը: Արմեն ջան նույնիսկ հիմա հիշում եմ ԱԱ ծառայության անցնելու քո աշխատանքային առաջին օրը, երբ անձամբ եմ քեզ ուղեկցել շենք, աշխատանքի վայր ու շուրջ 8 տարի ծանոթացրել, բացատրել և սովորեցրել եմ որպես ավագ ընկեր,իսկ այնուհետև՝ղեկավար: Մենք ունեցել ենք շատ դժվարին պահեր, որոնք կարողացել ենք հաղթահարել հավատալով մեր ուժերին, քանի որ դրանց մղումները եղել են ազնիվ:

Արմեն ջան դու ունես լավ ընտանիք, որոնց ես միշտ հարգել և ընդունում եմ, իսկ իմ ծնողները քեզ ընդունել են հարազատ որդու նման: 2009 թվականից, ԱԱԾ համակարգից իմ դուրս գալուց հետո մենք որևէ կապ չենք պահպանել և դրա համար եմ ես ստիպված գրում այս բաց նամակը, որ այն քեզ լինի հասանելի ու դու կարդաս և ընդունես այն ոչ միայն որպես ԱԱԾ տնօրեն, այլ որպես հայ, որպես ԱԱԾ սպա, որպես խիղճ, պատիվ ու թասիբ ունեցող և իմ ճանաչած Արմենը:

Ես հասկանում եմ, որ այն ժամանակաշրջանը, որի ԱԱԾ ղեկավար դարձար դու, ճակատագրական է և որոշումների կայացման պատասխանատվությունը կրելու ես դու ինքդ և ուզում եմ գիտակցես որ քո արած և չարած քայլերի համար ես նույնպես կրելու եմ իմ մեջ պատասխամատվություն, ուստի խնդրում և պահանջում եմ ճիշտ ու բազմակողմանի գնահատել ստեղծված իրավիճակը իր ամեն մի տարրերով, զերծ մնալ զուտ նեղ անձնական շահերից, հաշվի առնելով երկրի համար անդառնալի հետևանքները, ընդհուպ պետականության կորցնելու վտանգը, չգնալ արկածախնդրության և չկատարել որևէ անօրինական հանձնարական, մասնավորապես հանդիպումներին մասնակցել միմիայն ՌԴ-ում, որևէ պարագայում չմեկնել Բաքու, չստորագրել հակասահմանադրական ու ՀՀ պետական սահմաններն փոփոխման որևէ տարբերակի փաստաթղթի տակ, իսկ հանուն Հայրենիքի անհրաժեշտության դեպքում ժամանակին ընդունել ճիշտ որոշում ու ձեռնարկել գործուն քայլեր հակապետական գործողություններն խափանելու համար, հակառակ դեպքում՝ տալ հրաժարական: ԱԱԾ նախկին աշխատակից փոխգնդապետ

Վարդևան Հակոբյան​ 04.01.2021թ.»։