Այսօր, հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։

Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննիսյանի և Սպիտակի բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: