Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասաց Բաբայանը:

12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ:  Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասաց Բաբայանը: