Այսօր, հունվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մխչյանի կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են GAZ 5310 մակնիշի և Ford մակնիշի բեռնատարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, ովքեր ավտոմեքենաներից դուրս են բերվել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոտիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

GAZ 53-ը, որը բարձված է եղել ճզմած խաղողով (փլուշ), կողաշրջվել է, և այն դարձի բերելու համար ճանապարհային ոստիկաններն իրենց միջոցներով դեպքի վայր պետք բերեն վերամբարձ կռունկ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: